Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունն առաջարկում է պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով սովորողների համար սահմանել ամսական մինչև 77 հազար դրամ կրթաթոշակ։ Կառավարության այս որոշման նախագիծը հանրային քննարկման է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ըստ ԿԳՄՍ նախարարության առաջարկի՝ այդ մասնագիտություններով սովորողներին առաջին կուրսում կտրամադրվի 70 հազար դրամ կրթաթոշակ, իսկ հաջորդ կուրսերում նախորդ ուսումնական տարվա արդյունքներով միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 90,01% և բարձր ՄՈԳ ունեցողներին 77 000 (յոթանասունյոթ հազար) դրամ, 80,01-90,00% ՄՈԳ ունեցողներին՝ 70 000 դրամ։

Նախագածի հիմնավորման համաձայն՝ կարգավորումներն ուղղված են նաև պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության համար գրավիչ պայմաններ ստեղծելուն՝ հաշվի առնելով այդ մասնագիտություններով ընդունելության ցուցանիշները: Առավել պահանջարկ ունեցող աշխատատեղերի համալրման խնդրի համաչափ կարգավորման նպատակով անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ խթանող քայլերի՝ նպատակային ընդունելություն, բարձր կրթաթոշակներ:

Ինչպես նշված է նախագծի հավելվածում, պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունները բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական, ինչպես նաև ագրարային ուղղություններն են։

Հավելենք, որ նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում և կտարածվի 2023-2024 ուսումնական տարում ընդունված ուսանողների վրա: