Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է նոր տեսակի չափորոշիչներով պետհամարանիշներ տրամադրել, որոնք կվաճառվեն աճուրդի միջոցով։ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը հանրային քննարկման է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Գործող իրավակարգավորումներով նախատեսված է հաշվառման համարանիշների 3 տեսակ՝ հերթական, ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող, որոնք տրամադրվում են 36 հազարից մինչև 8 միլիոն դրամ վճարելու դեպքում՝ կախված համարանիշում առկա տառերի և թվերի համադրությունից։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ քաղաքացիներից ստացված դիմումների և ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ վարորդների համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում առավել գեղեցիկ և բարձր արժեք ունեցող համարանիշերը։

Ուստի, նախագծով առաջարկվում է նախատեսել նոր տեսակի չափորոշիչ ունեցող համարանիշ, որն իր արժեքով և տառերի ու թվերի համադրությունների արդյունքում կտարբերվի մեծ պահանջարկ ունեցող համարանիշերից և որոնց օգտագործելու առաջնահերթության իրավունքը ստանալու համար կիրականացվի աճուրդ։

Ներքին գործերի նախարարությունը շեշտել է նաև մի շարք երկրների փորձը, ինչպիսիք Հնդկաստանը, Չինաստանը, Միացյալ Թագավորությունը, Տաջիկստանը, Ղրղզստանը, որտեղ ևս գործում է պետհամարանիշների տրամադրման աճուրդային համակարգ։

Հավելենք, որ նախագիծն օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։