Ադրբեջանում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանն ողջ է. «Փաստինֆո»
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն ապրիլի 3-ին տեսակցել են Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմից հետո գերեվարված, ապա՝ Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ԿԽՄԿ-ից։
Լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը Շուշիում էր վերաբնակվել 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ։ Գերեվարվեց եռակողմ հայտարարությունից ժամեր անց, երբ Մարալ Նաջարյանի հետ Բերձոր, ապա Շուշի էին գնացել՝ անձնական իրերի հետևից։ Մարալ Նաջարյանը Լիբանանի Կառավարության ջանքերով 2021թ-ի մարտին ազատվել էր ադրբեջանական գերությունից, իսկ Վիգեն Էուլջեքյանը 2021թ հունիսին Բաքվում դատապարտվել է ազատազրկման՝ 20 տարի ժամկետով։
Ապրիլի 1-ի վաղ առավոտյան սոցիալական ցանցում և մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Վիգեն Էուլջեքյանը Բաքվի բանտում խոշտանգումների ենթարկվելով դաժանաբար սպանվել է։ Օրեր շարունակ մամուլում շրջանառվող տեղեկությունը, ինչպես պարզվեց, իրականությանը չի համապատասխանում։ Ապրիլի 3-ի դրությամբ՝ Վիգեն Էուլջեքյանը ողջ է։
ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ ապրիլի 3-ին ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Վիգեն Էուլջեքյանին, առանձնազրույց ունեցել։
«Հնարավորություն է տրվել նաև հեռախոսազանգ կատարել ընտանիքի անդամների հետ և այլ կապի միջոցների կիրառում»,- նշել է Ամատունին։