Ժողովրդական Ամանոր Թբիլիսիում
Թբիլիսիում Ամանորի առթիվ տոնական միջոցառումները կլինեն հիրավի ժողովրդական և մեծ մասամբ տեղի կունենան մայրաքաղաքի ծայրամասերում: Այդ մասին ասել է քաղաքագլուխ Կախա Կալաձեն:
«Այս տարի Թբիլիսիում Ամանորը կլինի ոչ միայն յուրահատուկ ձևաչափով, այլև կլինի ամենաժողովրդականը: Ամանորի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 15-ին, և հենց դեկտեմբերից 15-ից էլ Թբիլիսիի բնակիչներին և հյուրերին կուրախացնեն քաղաքի նոր ամանորյա լուսավորությամբ զարդարված փողոցները»,- ասել է Կալաձեն ճեպազրույցում:
Նրա խոսքով՝ այս տարի առաջին անգամ ամանորյա գլխավոր միջոցառումները տեղի կունենան Թբիլիսիի ծայրամասերում:
«Մեր թիմի որոշմամբ՝ ամանորյա համերգները տեղի կունենան մայրաքաղաքի երեք շրջաններում՝ Գլդանիում, Սամգորիում և Հին Թբիլիսիում: Բացի դրանից, ցանկանում եմ ասել, որ դեկտեմբերի 24-ից մինչև հունվարի 7-ն ամբողջ Թբիլիսիի մասշտաբներով պլանավորված են զանազան զվարճալի միջոցառումներ, որոնց մեզ հետ մեկտեղ ուրախությամբ մասնակցում են տարբեր բիզնես-ընկերություններ»: