«Ինչքան էլ մենք և ոչ մենք՝ շատերը, 2023թ-ի բյուջեի եկամտային մասը համարում էին ռիսկային, ոչ իրատեսական, բայց ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ 2023թ-ի առաջին եռամսյակի բյուջեի հարկային եկամուտները գերակատարվել են 14 մլրդ դրամով»,- կառավարության նիստում տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ 2023թ-ի առաջին եռամսյակի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 15.2 %-ով, կամ 60.8 մլրդ դրամով, իսկ այդ ժամանակահատվածում հարկ վճարողներին վերադարձվել է 93.5 մլրդ դրամ, որը 82.2 %-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Փաշինյանը հայտնեց, որ134 մլրդ դրամ եկամտային հարկ է վերադարձվել ֆիզիկական անձանց, որը 49%-ով գերազանցում է 2022 թվականի տվյալները և հիշեցրեց, որ հիմնական մասը հիպոթեկային վարկի վճարման համար են վերադրաձերը եղել:

Հայտարարելով, որ 2023թ առաջին եռամսյակում 2.4 տրիլիոն դրամի հաշվարկային փաստաթուղթ է դուրս գրվել՝ ՀՀ գործադիր մարմինի ղեկավարն ասաց. «Եթե վերցնենք միայն ՀԴՄ կտրոնները, ապա 2023թ-ի առաջին եռամսյակում տպվել է 564 մլրդ դրամի ՀԴՄ, որը 9.4%-ով ավել է քան նախորդ տարվա առաջին եռամսյակը…

Կրկին անհոգնել պետք է շնորհակալություն հայտնեմ ՀՀ բոլոր օրինապաշտ հարկ վճարողներին, որովհետև նրանց գործողությունների արդյունքում է որ մենք այս մասշտաբների ծրագրեր ենք կարողանում իրականացնել, բայց պետք է ընդգծեմ, որ մենք այստեղ խորքային շատ լուրջ պրոբլեմներ ենք շարունակում ունենալ, չնայած լավ լուրն այն է, որ վերջերս մեր իրավապահ համակարգի՝ ՊԵԿ-ի, Քննչական կոմիտեի ԱԱԾ-ի, Գլխավոր դատախազության աշխատանքների արդյունքում մենք հարկերից խուսափելու մի նոր տեխնոլոգիական սխեմա ենք բացահայտել, որը դեռ մեզ շատ տեղեկատվություն կտա»:

Փաշինյանը շեշտեց, որ հարկերից խուսափելու դեպքում որևէ մեկը որևէ կոմպրոմիսի հույս չի կարող ունենալ, որովհետև խոսքը գնում է երկրի այսօրվա և ապագայի կարիքների հոգալու մասին է:

Նա հայտնեց, որ ապօրինի գույքի բռնագանձման ուղղությամբ Գլխավոր դատախազությունն շատ ակտիվ խոսում է և հույս հայտնեց, որ հարցի էությունը իրավաբանական բանավեճի մեջ չի կորսվի և տարբերություն չի դրվի նախկին և ներկա պաշտոնյաների միջև: