«Որոշմամբ հերթական քայլն է արվում կառավարության ծրագրի կարևորագույն թիրախներից՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի ու նախակրթարանի վերակառուցման, կառուցման ու հիմնանորոգման ուղղությամբ»,- կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ զեկուցոլեվ կառավարության որոշման նախագիծը, որով պետական բյուջեից 440 մլն դրամ հատկացվեց Սյունիքի մարզում 40 կրթահամալիրի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքները սկսելու համար:

Նա հայտնեց, որ նախագծով նախատեսվում է ստեղծել 40 կրթահամալիր, որոնցից 7-ը՝ Կապանում, 33-ը՝ Սյունիքի մարզի 7 խոշորացված համայնքում, որի համար նախատեսված գումարը կուղղվի կրթահամալիրների ստեղծման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննությանը:

Անդրեասյանի խոսքով կառուցվելու է 36 կրթահամալիր, 3 մոդուլային դպրոց, որոնց կառուցումն սկսվել էր ավելի վաղ:

Հայտնելով, որ նմանատիպ աշխատանքները շարունակվում են նաև մյուս մարզերում՝ ԿԳՄՍ նախարարը հայտնեց, որ իր ղեկավարած գերատեսչությունն ավարտել է այցերը Արարատի և Կոտայքի մարզեր և առաջիկա երկու ամսում պատկերը կամբողջացնեն:

«Ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ 300 դպրոցի ծրագրով մենք կնախագծենք և կկառուցենք շուրջ 150 կրթահամալիր գյուղական բնակավայրերում, ինչը թույլ կտա ամբողջությամբ կարգավորել փոքր գյուղական բնակավայրերում որակյալ կրթության հասանելիության հարցը»,-հայտարարեց Անդրեասյանը։