12 կմ-ից 7-ում սահմանապահների տեղակայման կետերը հստակեցված են. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով ՀՀ-ն Լաչինի միջանցքին կապող նոր Կոռնիձոր-Տեղ ճանապարհի շահագործման արդյունքում ստեղծված իրավիճակին, ասել է, որ սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման աշխատանքներ են տարվել և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է։
«Ինչպես հայտնի է, որոշակի խնդիրներ են առաջացել` ԱԱԾ-ն հայտնել էր, որ երկու կողմի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ։ Որոշ տեղերում ադրբեջանցիները դիրքավորվել և ինժեներական աշխատանքներ են կատարել սահմանից 100-ից 300 մետր առաջ՝ ՀՀ տարածքում, որից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու կողմի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը։ Սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել, իրավիճակը որոշակիորեն բարելավվել է՝ մասնավորապես, 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են», - ասել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության արդյունքում Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ 12 կմ հատվածի պահպանությունը պիտի ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը։
Նա նշել է, որ մինչ այդ սահմանի այդ հատվածի անմիջական պահպանությունը չէր իրականացվում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի կողմից, որպեսզի հնարավոր լիներ ապահովել Լաչինի միջանցքի ժամանակավոր երթուղին։
«Մեր տրամադրվածությունը շարունակում է մնալ իրավիճակի էսկալացիայից խուսափելը»- ասել է վարչապետը՝ հույս հայտնելով, որ տեղակայման կետերի ճշգրտման աշխատանքները կիրականացվեն կառուցողական մթնոլորտում։
Նա նաև հայտարարել է, որ «հարկավոր են ամուր նյարդեր և զսպվածություն տարածաշրջանային իրավիճակը պայթեցնելու հարցում շահագրգիռ ուժերին տուրք չտալու համար»։