Գյումրու «Կումայրի արգելոց-թանգարանի» տարածքում՝ Աբովյան կամ Ալեքսանդրովսկի ճեմափողոցում, որը դարձել է զբոսաշրջիկների ամենասիրված վայրը, կգործի քաղաքի հին բաղնիքներից մեկը։ Այն պատկանել է Տեր-Մարտիրոսովներին ու հայտնի է որպես «Ցենտրալնի բաղնիք» անվամբ։

Բաղնիքի շենքը, ինչպես նաև Գյումրու պատմական կենտրոնում գտնվող մի քանի կառույցներ ձեռք էր բերել շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը՝ տեղի մի քանի գործարարների հետ՝ նպատակ ունենալով կառուցել հյուրանոցներ ու հյուրատներ, հայտնում է «Առավոտ»-ը։

Քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ասել է, որ բաղնիքի շենքի վերանորոգման աշխատանքները մեկնարկել են, այն ճեմափողոցից բացի մուտք ունի նաև հետնամասից։ Այն վերանորոգելով՝ ոչ միայն շունչ կտան պատմական կառույցին, այլ կվերականգնեն Գյումրու ծիսական ավանդույթներից մեկը՝ հանրային բաղնիք գնալը։

Գասպարյանն ասել է, որ բաղնիքի շենքը պատմական հուշարձան է և վերանորոգելիս, այն փոփոխությունների չպետք է ենթարկվի։ Բաղնիքի մուտքը, ըստ նրա, նույնիսկ կարող է լինել կենտրոնական հատվածում՝ հենց ճեմափողոցում։