Մայիսի 8-15 Հայաստանի կինոգործիչների միությունը՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայ կինոյի 100-ամյա հոբելյանի միջոցառումների ծրագրով իրականացնելու է մուլտիպլիկացիոն և անիմացիոն կինոյի շաբաթ Երևանում և մարզերում:

Հայաստանի Կինոգործիչների միությունից հայտնում են, որ շաբաթի բացումը տեղի կունենա մայիսի 8-ին, Երևանում, Կինոյի տանը, իսկ մինչև մայիսի 15-ը մուլտիպլիկացիոն և անիմացիոն ֆիլմերի հեղինակները՝ ռեժիսորներ, նկարիչներ, նաև կինոգետներ և կինոյի մարդիկ, կլինեն Գորիսում, Գյումրիում, Ստեփանավանում, կհանդիպեն տեղի դպրոցականների հետ, կդիտեն ֆիլմեր, կխոսեն անիմացիոն ֆիլմերի և մուլտֆիլմերի ստեղծմանը վերաբերող հարցերի շուրջ:

Դպրոցականները հնարավորություն կունենան նաև ստանալու կրթական բացիկներ, որոնք կպատմեն տարբեր տարիներին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված մուլտֆիլմերի և ռեժիսորների՝ Լև Ատամանյանի, Վալենտին Պոդպոմոգովի և մյուսների մասին...
Եվ այսպես՝ մայիսին սպասվում է մուլտհրավառություն Երևանում և մարզերում: