Պերուի նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին մարտի 21-ին հայտարարել է իր պաշտոնը լքելու որոշման մասին: Այս մասին հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Նա պարզաբանել է, որ այդ որոշումն ընդունել է երկրում ստեղծված «անկառավարելի իրադրության» ֆոնին, որը «թույլ չի տալիս առաջ գնալ»։ «Երկրի համար ավելի լավ կլինի, եթե ես հեռանամ նախագահի պաշտոնից»,- ասել է Կուչինսկին:

Պերուի մի շարք քաղաքական գործիչներ, ովքեր ավելի վաղ պաշտպանում էին նախագահին, Կուչինսկիին պաշտոնաթող լինելու կոչ են արել: Դա տեղի է ունեցել այն տեսանյութի հրապարակումից հետո, որում Կոնգրեսի անդամները, ովքեր պաշտպանում էին նախագահին, Պերուի ընդդիմադիր կուսակցություններից մեկի անդամին մի շարք արտոնություններ են խոստանում, եթե նա չքվեարկի Կուչինսկիի պաշտոնազրկման օգտին: