Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված առերևույթ հանցանքի մասին հաղորդում և կից նյութեր են ստացվել այն մասին, որ 2023թ. մարտի 29-ին առցանց լրատվական կայքերից մեկում տեղ է գտել «Վճիռ գողացող անգրագետը՝ Վճռաբեկ դատարանի դատավո՞ր» վերտառությամբ հրապարակումը, որտեղ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ. Խաչատրյանի հասցեին առկա են անձին և պաշտոնային գործունեությանն առնչվող վիրավորական արտահայտություններ ու որակումներ։

ՔԿ-ից հայտնում են՝ նշված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Հ.-ն 2023թ. մարտի 29-ին, իր կողմից օգտագործվող «Gagik Hambaryan» ֆեյսբուքյան անհատական էջով՝ հանրությանը հասանելի ռեժիմով կատարել է հրապարակում, որն էլ իր հերթին շրջանառության մեջ են դրել մի շարք լրատվական կայքեր՝ «Վճիռ գողացող անգրագետը՝ Վճռաբեկ դատարանի դատավո՞ր» վերտառությամբ՝ կից տեղադրելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանի լուսանկարը։

Հրապարակման մեջ, ունենալով անհամաձայնություններ և դժգոհություններ դատավոր Լ. Խաչատրյանի կողմից նախկինում կայացված դատական ակտերի վերաբերյալ՝ անհարգալից վերաբերմունք դրսևորելով վերջինիս նկատմամբ, կապված նրա պաշտոնեական լիազորությունների իրականացման հետ՝ Գ.Հ.-ն վիրավորական մի շարք արտահայտություններ է օգտագործել դատավորի հասցեին։

Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ Գ.Հ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է և նրան ներկայացվել է մեղադրանք։

Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը։ Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: