Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Էդիտ Պրինտ» հրատարակչության միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր սփյուռքահայ ուսուցիչների՝ «Հայ մշակույթի պատմություն» առարկայի փորձարարական վերապատրաստման ծրագրի իրականացման նպատակով:

«Տարեցտարի փորձում ենք ընդլայնել սփյուռքահայ ուսուցիչների կարողությունների զարգացման հնարավորությունները: Անցյալ տարվանից վերապատրաստման 2 նոր ծրագիր է ավելացվել՝ ըստ ներկայացված պահանջարկի, ինչին մշտապես փորձում ենք արձագանքել»,-ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Կողմերը վերահաստատել են համագործակցության պատրաստակամությունը և վստահություն հայտնել, որ ծրագիրը հետագայում կընդլայնվի:Հուշագիրը 2021 թ. մարտի 21-ին ՀՀ ԿԳՄՍՆ-ի և հրատարակչության միջև ստորագրված համագործակցության հուշագրի տրամաբանական շարունակությունն է: Այն նախատեսում է սփյուռքահայ ուսուցիչների «Հայ մշակույթի պատմություն» առարկայի փորձարարական վերապատրաստման ծրագրի իրականացումը:

Վերապատրաստումն ընթանալու է ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված ուսումնական ծրագրով, մասնակից ուսուցիչներին կտրամադրվեն վկայականներ:

Վերապատրաստումն անցկացվելու է հեռավար ձևաչափով՝ https://krtahartak.am/ կայքի միջոցով:
2021 թ. նախարարության հետ համատեղ «Էդիտ Պրինտ»-ը վերապատրաստման ծրագիր է իրականացրել հայրենագիտական առարկաներ դասավանդող շուրջ 30 սփյուռքահայ ուսուցչի համար: