ԱՄՆ-ը հետաքննում է գաղտնի փաստաթղթերի արտահոսքը
ԱՄՆ-ը հետաքննում է համացանցում հայտնված խիստ գաղտնի ռազմական և հետախուզական փաստաթղթերի արտահոսքը, ուր ընդգրկված է տեղեկություն Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունից մինչև Իսրայելի «Մոսադ» լրտեսական գործակալության գործունեությունը: «Ամերիկայի ձայնը»-ը հայտնում է, որ ԱՄՆ պաշտոնյաները փորձում են բացահայտել արտահոսքի աղբյուրը, սակայն որոշ արևմտյան փորձագետների կարծիքով արտահոսքը Միացյալ Նահանգներից է եղել:
Պաշտոնյաներն ասում են, որ փաստաթղթերում արծարծված թեմաների ծավալը, որոնք վերաբերում են Ուկրաինայի, Չինաստանի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի ռազմական գործողությւոններին, հուշում են, որ դրանց արտահոսքը կազմակերպվել է ոչ թե դաշնակիցների, այլ ամերիկացիների կողմից:
«Այժմ ուշադրությունը կենտրոնացած է ԱՄՆ-ի արտահոսքի վրա, քանի որ փաստաթղթերից շատերը գտնվել են միայն ԱՄՆ-ի ձեռքում»,- Reuters-ին տված հարցազրույցում նշել է Պենտագոնի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Մայքլ Մալրոյը:
Ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ հետաքննությունն իր վաղ փուլերում է, և նրանք, ովքեր այն վարում են, չեն բացառել, որ արտահոսքի հետևում կանգնած են ռուսամետ տարրեր, որը համարվում է անվտանգության ամենալուրջ խախտումներից մեկը՝ ավելի քան 700,000 փաստաթղթերից, տեսանյութերից և դիվանագիտական փաստաթղթերի արտահոսքից հետո, որոնք հայտնվել են WikiLeaks կայքում 2013թ.
Ըստ աղբյուրի՝ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը և Կրեմլը չեն պատասխանել հարցումներին։
Արտահոսքի բացահայտումից հետո Reuters-ը ծանոթացել է «Գաղտնի» և «Հույժ գաղտնի» պիտակավորված ավելի քան 50 փաստաթղթի հետ, որոնք առաջին անգամ հայտնվել են անցյալ ամիս սոցիալական մի շարք հարթակներում: Թեև որոշ փաստաթղթեր տեղադրվել են շաբաթներ առաջ, դրանց գոյության մասին առաջին անգամ հայտնել է The New York Times-ը ուրբաթ օրը:
Reuters-ն ինքնուրույն չի կարող ստուգել փաստաթղթերի իսկությունը։ Որոշ փաստաթղթերում, որոնք անդրադառնում են Ուկրաինայի մարտադաշտում զոհերի թվաքանակին, կարծես թե փոխվել են ռուսական նվազագույն կորուստների թվերը: Անհասկանալի է, թե ինչու է առնվազն մեկ փաստաթուղթը գաղտնազերծված, բայց ներառում է հույժ գաղտնի տեղեկատվություն: Որոշ փաստաթղթերի վրա նշված է «NOFORN», ինչը նշանակում է, որ դրանք չեն կարող տրամադրվել օտարերկրյա քաղաքացիներին:
Կիրակի օրը Պենտագոնը հայտարարել է, որ ուսումնասիրում է լուսանկարված փաստաթղթերի վավերականությունը, որոնք «կարծես թե զգայուն և խիստ գաղտնի նյութեր են պարունակում»:
Պենտագոնը հարցը փոխանցել է Արդարադատության նախարարությանը, որը քրեական հետաքննություն է սկսել։
Փաստաթղթերից մեկում, որը թվագրված է փետրվարի 23-ով և որակվում է «գաղտնի», մանրամասնորեն նշված է, որ մինչև մայիսի 2-ը ներկայիս օգտագործման տեմպերով կսպառվեն Ուկրաինայի S-300 հակաօդային պաշտպանության համակարգերը: