Երկրորդ ադրբեջանցի զինծառայողին դեռ չեն գտել․ ՊՆ
Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցուն դեռ չեն գտել։ Այս մասին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, գրում է «Պանորամա»-ն։
«Այս պահին որոնողական աշխատանքները իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ շարունակվում են»,- ասաց նա։
Միայն Սյունիքի մարզո՞ւմ են որոնում թշնամուն։ Այս ու այլ հարցեր Թորոսյանն անպատասխան թողեց։
Հիշեցնենք, որ երեկ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00 ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են։
Ի դեպ, ադրբեջանցուն հայտնաբերել են գյուղացիները։
«Գյուղի ժողովուրդը մեկին բռնել է, մյուսին դեռ չեն հայտնաբերել, հիմա համապատասխան մարմինները զբաղվում են ամբողջ տարածքում: Որ բռնել են, զինվորական չի եղել, քաղաքացիական հագած է եղել, Աշոտավանի փողոցից են բռնել: Մյուսին չենք տեսել, ամբողջ տարածքով ման են գալիս բոլոր համապատասխան ուժերը», - «Ազատություն» ռկ-ին պատմել էր Սիսիանի համայնքապետը: