Պետությանը կվերադարձվի 4.4 հա ապօրինի սեփականաշնորհված անտառային տարածք
Հակակոռուպցիոն դատարանի վճիռներով պետությանը կվերադարձվի Կոտայքի մարզում ապօրինի սեփականաշնորհված 4.4 հեկտար մակերես ունեցող անտառային տարածք։
Դրանք 16 տարի առաջ ապօրինի սեփականաշնորհել էին այդ ժամանակվա իշխանությունների աջակցությունը վայելող գործարար Սամվել Մայրապետյանը և Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի խորհրդական, նախկին ՀՀԿ-ական, այժմ Քննչական Կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանը։
Իրավական այս գործընթացը տեղի ունեցավ Ծաղկաձորում պաշտոնյաների կողմից անտառային հողերի սեփականաշնորհման մասին «Հետքի» 2018 թ-ի հետաքննությունից հետո։ «Հետք»-ն ադ ժամանակ գրել էր Ծաղկաձորի անտառային հողերից 50 հեկտարի սեփականաշնորհման մասին, որից հետո քրեական գործ հարուցվեց։ Նախաքննության ժամանակ ապօրինի սեփականաշնորհված տարածքների մակերեսն աճեց՝ ընգրկելով նոր համայնքներ։ Թեև քրեական գործը վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով կարճվեց, բայց դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործընթաց սկսեց։ Այդ գործերով դատարանում պետության շահերը ներկայացնում է գխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Աղավնի Մադոյանը։
Մի քանի տարի տևած դատաքննությունից հետո Հակակոռուպցիոն դատարանի դատավորներ Կարապետ Բալայանի և Աշխեն Ղարլսյանի վճիռներով անվավեր են ճանաչվել Կոտայքի մարզի Արտավազ բնակավայրի վարչական տարածքում գտնվող անտառային հողերի աճուրդների որոշումները։ Այդ որոշումները կայացրել է նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը։
Մարմարիկ ջրամբարի հարևանությամբ գտնվող անտառային հողի սեփականատեր դառնալուց հետո Սամվել Մայրապետյանը տարածքում կառուցապատում չի իրականացրել։ Դատարանի վճռով հողի նկատմամբ գործարարի սեփականության իրավունքը ևս անվավեր է ճանաչվել։
Ի տարբերություն գործարարի՝ Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանն անտառային հողի սեփականատեր դառնալուց հետո այն փոխանցել է Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանին՝ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդուն։ Հակոբ Շահգալդյանը նույնպես անտառային հողում կառուցապատում չի իրականացրել։ Դատարանի երկու վճիռն էլ կարող են բողոքարկվել վերադաս ատյան։
Հիշեցնենք, որ 2022թ-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նմանատիպ վճռով անվավեր էր ճանաչվել Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի կնոջն օտարված անատառային հողի աճուրդը։