Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ 19:00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունն էականորեն նվազել է:

«Վարդենիսի ուղղությամբ այս պահին գնդակոծության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հիշյալ ուղղությամբ այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է:

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ իրանական անօդաչու թռչող սարքեր չկան:

Հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել, հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է սադրանքը։

«Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:

ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասված է ֆեյսբուքյան գրառման մեջ: