Մայր աթոռ Ս. Էջմիածնում անցկացվում է «Ավանդական արժեքներ, արդի մարտահրավերներ» խորագրով միջազգային երրորդ համաժողով։ Այս մասին հայտնում է news.am-ը։

Համաժողովին, ի թիվս այլոց, մասնակցում են Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդական-դեսպանորդ Անդրեյ Իվանովը, ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր հովիվ, վարդապետ Անդրեյ Վացը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՌԴ դեսպանատան աշխատակիցներ, ուսանողներ։

«Համաժողովի խորագիրն արտացոլում է մեր հավաքույթի էությունը։ Օրակարգային հարցերի թվում կլինեն այն ցավոտ մարտահրավերները, որոնք կանգնած են մեր ավանդական արժեքների ճանապարհին», - նշել է վարդապետ Անդրեյ Վացը։

Իր հերթին, խորհրդական-դեսպանորդ Անդրեյ Իվանովը փոխանցել է իր դիվանագիտական առաքելությունը ավարտող ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի ուղերձը, որում դեսպանը ընդգծել է այդ համաժողովի կարևորությունն ու արդիականությունը։