Հայկական կողմի օկուպացված դիրքերից Ադրբեջանի ուժերի դուրսբերումը էական նշանակություն ունեն ապագա միջադեպերը կանխելու համար. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ֆրանսիան իր խորը մտահոգությունն է հայտնում ապրիլի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, հայկական տարածքում Տեղ բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած բախումների կապակցությամբ, որի հետևանքով երկու կողմից կա 7 զոհ և մի քանի վիրավոր:
Ֆրանսիան հիշեցնում է, որ սահմանազատումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով և կողմերին կոչ է անում շարունակել ջանքերն այդ ուղղությամբ։
Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և շփման գծի հայկական կողմի օկուպացված դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումը էական նշանակություն ունեն ապագա միջադեպերը կանխելու և տարածաշրջանում կայուն խաղաղությունը պահպանելու համար։
Ֆրանսիան լիովին սատարում է և իր աջակցությունն է բերում սահմանի հայկական կողմում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության գործողություններին, ինչը կենտրոնական դեր է խաղում լարվածությունը նվազեցնելու գործում։ Ֆրանսիան կշարունակի գործել Եվրոպական Միության կողքին՝ ի նպաստ հրադադարի հարգման, երկխոսության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակման»: