ԱԱԾ-ն չի հայտնում Տեղ գյուղի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքի մակերեսը
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը «Սպուտնիկ Արմենիա»-ի հարցմանն ի պատասխան չի նշել Սյունիքի մարզի Տեղ գյուղի շրջանում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքի մակերեսը։
Գերատեսչությունում միայն կրկնել են Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ 12 կիլոմետրանոց հատվածից հաջողվել է հստակեցնել տեղակայման կետերը 7 կմ հատվածում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ-ն հայստնել էր՝ համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև նախօրեին ձեռքբերված պայմանավորվածությունների երկու երկրների սահմանապահները մարտի վերջին օրերին վերոհիշյալ հատվածի երկայնքով պետք է տեղակայվեին սահմանի երկու կողմերում:
Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:
Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: