Հայաստանում հազարամյակների պատմություն ունեցող խաղողագործությունը վտանգված է. Գառնիկ Պետրոսյան
Ավելի քան 10 տարի է Արարատյան դաշտում տարածվել և իր «սև գործն» է անում ֆիլոքսերան (որդալվիճ)։ Այսօր Տնտեսական լրագրողների ակումբի կողմից կազմակերպված քննարկմանն ասաց գյուղոլորտի փորձագետ Գառնիկ Պետրոսյանը։
«Արարատյան դաշտը միշտ համարել է մաքուր օազիս՝ ֆիլոքսերայից զերծ տարածք, ցավոք սրտի, այդ չարաբաստիկ վնասատուն թափանցել է նաև դաշտավայր և խաղողի այգիների համար լուրջ վտանգ է ներկայացնում»,- ընդգծեց նա։
Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ երբ 2000-ականներին մի շարք ընկերություններ փորձ էին անում եվրոպական երկրներից խաղողի տնկանյութեր ձեռքբերել և եվրոպական սորտերից այգիներ հիմնել, ինքը և մի շարք գիտնականները փորձել են կանխարգելել այդ տնկանյութերի ներկրումը, մինչդեռ այդ ընկերությունները տարբեր փաստարկներով փորձել են նսեմացնել մասնագիտական կարծիքը։ «Արդյունքում, 2004-2005թթ-ից եվրոպական երկրներից բերվեցին այդ տնկանյութը, հիմնադրեցին այգիներ ու հիմա այդ նույն այգիներում ևս վարակը տարածվել է»,- ասաց նա։
Ըստ մասնագետի՝ ֆիլոքսերայով վարակված առաջին այգիները հայտնաբերել են Էջմիածնի տարածաշրջանում, թեև ջանքեր են գործադրել վարակի տարածումը կանխարգելելու համար, բայց դա այդքան էլ հեշտ չէր և ֆիլոքսերան տարածվել է նաև այլ բնակավայրերում։
«Հայաստանում հազարամյակների պատմություն ունեցող խաղողագործությունը վտանգված է, հետագայում մենք կարող ենք կանգնել շատ լուրջ խնդիրների առաջ»,- նշեց Գառնիկ Պետրոսյանը։
Նա հիշեցրեց, որ երբ գյուղատնեսության փոխնախարարն էր, առաջարկել է FAO-ի (ՄԱԿ–ի պարենային և գյուղատնտեսական կազմակերպություն) հետ Էջմիածնի երկրագործության գիտական կենտրոնում ֆիլոքսերադիմացկուն պատվաստակալների վրա պատվաստված տնկանյութեր ստեղծել և անհատույց տրամադրել այն խաղողագործներին, որոնք ցանկություն կունենային նոր այգիներ հիմնել։ Սակայն, ըստ նրա, այդ ծրագիրն էլ այդպես շարունակություն չունեցավ։
Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ իր խաղողի այգիները ևս, որոնք գտնվում են Արբաթ գյուղում, ավելի քան 10 տարի վարակված են ֆիլոքսերայով։ Այդ գյուղում, ըստ նրա, մոտ 40 հա խաղողի այգիներից ոչինչ չի մնացել, միայն մնացել են տնամերձ այգիների խաղողի վազերը։
«Հեկտարներով խաղողի այգիները վարակված են ֆիլոքսերայով։ Այդ վնասատուի դեմ որոշ միջոցներ ձեռնարկել ենք, բայց դա հարցի լուծում չէ, պետք է հստակ քայլեր ձեռնարկել»,- նշեց նա։