Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը գրում է․

«Ադրբեջանն Արցախի նկատմամբ իրականացնում է անակոնդայի քաղաքականություն։ Փաթաթվել է մարմնին ու փորձում է խեղդել` անընդհատ սեղմելով օղակը։

Այս ծանրագույն շրջանում, երբ գործադիր իշխանությունից պահանջվում է անդադար աշխատանք, նախաձեռնողականություն, ճկունություն և համարձակություն, Արցախի պետնախարարի պաշտոնը զբաղեցնում է ինքնասիրահարված մի թյուրիմացություն։ Գործադիրում առկա հանցավոր անգործությունը, գործելու ունակության բացակայությունը բերելու է ճակատագրական հետևանքների։ Տարրական խնդիրները լուծելու անկարողությունը զուգորդվում է ինքնասիրահարված ֆոտոսեսիաներով և ֆեյսբուքյան բարոյախրատական գրառումներով։

Եթե սրան ավելացնենք նաև երկրում առկա որևէ բան անելու քաղաքական կամքի բացակայությունը, ապա կստանանք շատ տխուր պատկեր։ Մի խոսքով, շտապ ձերբազատվել է պետք անպատասխանատու թյուրիմացություններից։

Այս վիճակից մեզ կարող են հանել միայն պատասխանատվություն վերցնելու պատրաստ, հարցեր լուծելու կամք ունեցող գործիչներն ու թիմերը։ Մենք այլևս ժամանակ չունենք ինչ֊որ լաբորատոր փորձարկումների համար»։