Երևանի Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածում Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության կողմից կատարվում են ջրահեռացման համակարգի վերակառուցման և հանգույցի թունելային հատվածի վերանորոգման աշխատանքներ, որոնք մեկնարկել էին դեռ մարտի 3-ին։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի պաշտոնական էջից։

Անձրևների ժամանակ հեղեղումներից խուսափելու նպատակով կառուցվում է շուրջ 500մ երկարությամբ նոր հեղեղատար կոյուղի, որը բաղկացած է լինելու 500-600մմ տրամաչափով երկշերտ ծալքավոր խողովակներից: Արդեն մոնտաժվել է հեղեղատարի մեծ մասը՝ ավելի քան 400 մետր, որի լիարժեք թողունակությունն ապահովելու համար նշված տարածքում կառուցվել է նաև 27 նոր անձրևընդունիչ և 16 սպասարկող դիտահոր: Նշված ատվածում նախկինում կուտակվում էին նաև Պարոնյան փողոցից իջնող անձրևաջրերը: Այդ պատճառով ծրագրի շրջանակում Պարոնյան փողոցում նույնպես կառուցվել է 15 նոր անձրևընդունիչ, ինչպես նաև ևս 3-ը՝ Մաշտոցի պողոտայի և Պարոնյան փողոցի հատման հատվածում: Նախկին հեղեղատար ցանցն էլ չի ապամոնտաժվում, այլ շարունակելու է գործել որպես հարակից կոյուղի: