Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան 89 կգ քաշային կարգի տղամարդիկ, որտեղ Հայաստանը ներկայացնող Անդրանիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։

Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունը սկսեց 167 կգ-ից, որը հաջողությամբ բարձրացրեց։ Երկրորդ մոտեցմամբ հայ ծանրորդն իր գլխավերևում պահեց 173 կիլոգրամանոց ծանրաձողը։ Երրորդ մոտեցման համար Անդրանիկ Կարապետյանը պատվիրել էր 178 կգ, որը նա վստահությամբ բարձրացրեց՝ սահմանելով պոկում վարժության Եվրոպայի ռեկորդ և այս վարժությունում նվաճելով փոքր ոսկե մեդալ։ Նա 4 կգ գերազանցեց երկրորդ տեղը զբաղեցրած, Բուլղարիայի ներկայացուցիչ Կարլոս Նասարին և 12 կգ՝ երրորդ տեղը զբաղեցրած, մոլդովացի Մարին Ռոբուին։

Հրում վարժությունում Անդրանիկ Կարապետյանը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 190 կգ։ 27-ամյա ծանրորդը հաջողությամբ հրեց նաև 196 կիլոգրամը։ Երրորդ մոտեցման համար պատվիրած 206 կիլոգրամը, ցավոք, Կարապետյանը չկարողացավ բարձրացնել՝ հրում վարժությունում դառնալով 5-րդը։ Բուլղարիայի ներկայացուցիչ 18-ամյա Կարլոս Նասարը հրեց 221 կգ՝ սահմանելով հրում վարժության և երկամարտի աշխարհի ռեկորդ։

Երկամարտի 374 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Չեմպիոն դարձավ Կարլոս Նասարը (395 կգ), բրոնզե մեդալակիրն էլ մոլդովացի Մարին Ռոբուն է (364 կգ)։

Ավելի վաղ, Հայաստանի ներկայացուցիչներից Գոռ Սահակյանը 67 կգ քաշային կարգում հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն, Ռաֆիկ Հարությունյանը 81 կգ քաշում դարձել էր բրոնզե մեդալակիր, կանանց 55 կգ քաշում էլ Իզաբելա Յայլյանն էր դարձել բրոնզե մեդալակիր։