Նիդերլանդների տարբեր քաղաքներում կայանալու են Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման մի շարք միջոցառումներ
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան Նիդերլանդներում ՀՀ դեսպանության հովանու ներքո կազմակերպում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շարք:
«Նիդերլանդական օրագիր»-ից հայտնել են, որ ապրիլի 19-ին Ամստերդամի Eye կինոթանգարանի ցուցասրահում ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի արևածագը» անիմացիոն ֆիլմով սկսվել է անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը՝ Նիդերլանդներում և Լյուքսենբուրգում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի բացման խոսքով, գրում է «Արմենպրես»-ը։
Անդրադառնալով սպասվող միջոցառումներին՝ աղբյուրը հայտնում է, որ ապրիլի 23-ին հիշյալ ֆիլմը ցուցադրվելու է նաև Ուտրեխտում և Մաստրիխտում:
Մաստրիխտում տեղի «Անի» հայ համայնքը և Սուրբ Կարապետ եկեղեցու վարչությունը 1915թ-ին Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայ զոհերի հիշատակը ոգեկոչելու են ապրիլի 23-ին, Սուրբ Կարապետ Եկեղեցում։ Ծրագրում նախատեսված են Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունները՝ Արմեն Նազարյանի ղեկավարած լարային քառյակի կատարմամբ, լինելու են նաև ընթերցումներ։ Ոգեկոչման արարողությունը ավարտվելու է ֆիլմի ցուցադրությամբ:
Ասենում և Ալմելոյում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հուշարձաններին հայ համայնքներից ժամանած պատվիրակները ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհելու ապրիլի 24-ին: Ալմելոյում ծրագիրը սկսվելու է Արևմտյան Եվրոպայի պատվիրակ, Վատիկանում Հայոց եկեղեցու ներկայացուցիչ, Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի խոսքով ու աղոթքով:
Ապրիլի 25-ին Ալմելոյի հայ առաքելական եկեղեցին ՀԲԸՄ հիմնադրամի և «Երևան» կազմակերպության հետ ցեղասպանության թեմայով կազմակերպելու է «Թաքնված քարտեզը» վավերագրական ֆիլմի ցուցադրումը, որին ներկա է լինելու ֆիլմի ռեժիսոր Անի Հովհաննիսյանը: Ֆիլմի սցենարն այսպես է զարգանում. Ցեղասպանությունը վերապրած ամերիկահայի թոռնուհին գնում է իր կորսված նախնիների հայրենիք՝ բացահայտելու վաղուց թաղված ճշմարտությունները: Իր ճանապարհորդության ընթացքում հանդիպում է շոտլանդացի հետախույզի, որի հետ շատ գաղտնիքներ են բացահայտում...
Օսմանյան կայսրությունում 1915թ-ի Հայոց ցեղասպանության ոգեկոչման ընդարձակ արարողակարգ է նախատեսված Ամստերդամում: Այն կազմակերպել է «Գրիգոր Նարեկացի» հիմնադրամը «Սուրբ Հոգի» եկեղեցու հետ, ամենամյա ոգեկոչումը տեղի է ունենալու ապրիլի 23-ին հայ առաքելական Սուրբ Հոգի եկեղեցու արտաքին պատին տեղադրված հուշաքար-խաչքարի մոտ։
Ծրագիրը սկսվելու է կարճ աղոթքով, որին հաջորդելու են մի շարք ելույթներ, հուշարձանին դրվելու են ծաղիկներ ու ծաղկեպսակներ: Եկեղեցու հարևանությամբ «Հայկական կամրջի» վրա Black Swan կվինտետի երաժշտական կատարումներին հաջորդելու է լռության րոպեն։ Արարողությանը ելույթ է ունենալու դեսպան Տիգրան Բալայանը: Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը նախատեսված են Ամստերդամի փոխքաղաքապետ Ռուտգեր Խրոտ Վասինկի, խորհրդարանի ու քաղաքային խորհրդի պատգամավորների ելույթները: Հիշատակի արարողությանը մասնակցելու են նաև Նիդերլանդների քաղաքացիական հասարակության, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Նիդերլանդների հունական, ասորի և եզդի համայնքների անդամներ։
Օսմանյան կայսրությունում 1915թ-ի Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներ են տեղի ունենալու Նիդերլանդների հայ համայնք ունեցող մյուս քաղաքներում ևս: