ՍՊԸ-ները կկարողանան ընկերության մասնակիցների միջև շահույթի բաշխում իրականացնել եռամսյակը մեկ
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կկատարվի և կսահմանվի, որ ընկերությունն իրավունք ունի ոչ հաճախ քան եռամսյակը մեկ անգամ, իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջև: Որոշումն ընդունվեց Կառավարության ապրիլի 21-ի նիստում։
Ներկայում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իրավունք ունի տարեկան մեկ անգամ իրականացնել շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջև:
Նման կարգավորումն, ըստ Էկոնոմիկայի նախարարության, անհարկի սահմանափակում է ընկերությունների հնարավորությունը ձևավորված շահույթն իր մասնակիցների մեջ բաշխելու հնարավորությունը` դրանով իսկ խոչընդոտելով փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) սուբյեկտների կողմից իրենց մասնակիցներին օրինական կարգով շահույթի մասը վճարելուն: Նման կարգավորումը նվազեցնում է ՓՄՁ սուբյեկտ ՍՊԸ-ների ստեղծումը և դրանցում ներդրումների կատարումը, քանի որ բաշխման ենթակա ձևավորված շահույթը չափազանց ուշ է հնարավոր օրինական եղանակով բաշխել ներդրողների օգտին:
Բացի այդ, նախարարության հիմնավորմամբ՝ առկա կարգավորումը նաև չի խրախուսում ՓՄՁ սուբյեկտների կողմից պատշաճ հաշվապահական հաշվառման իրականացումը և ներքին փաստաթղթերի վարումը:
«Գործնականում բազմաթիվ ՍՊԸ-ներ իրենց մասնակիցներին պարբերաբար գումար են տրամադրում, որը հաշվետու տարվա վերջում ձևակերպվում է որպես շահույթի բաշխում: Ընդ որում, որոշ դեպքերում այդ գումարները ձևակերպվում են որպես փոխառություն, իսկ որոշ դեպքերում ընդհանրապես չեն հաշվառվում և ամբողջությամբ մնում են ստվերում:
Կարևոր է նաև այն հանգամանքը, որ ՍՊԸ-ները հիմնականում ունեն խիստ սահմանափակ թվով մասնակիցներ, որոնք կապված են ընտանեկան, ազգակցական կամ ընկերային կապերով կամ պատկանում են մեկ մասնակցի: Նման պայմաններում ընկերության շահույթի բաշխման հետ կապված որոշումները կայացվում են առավել օպերատիվ կերպով, սակայն օրենքի սահմանափակումը թույլ չի տալիս իրավական ճիշտ արտացոլում տալ իրականացվող գործարքին`ստեղծելով ավելորդ խոչընդոտ»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Նախագծի ընդունմամբ ընկերությունների համար կստեղծվի ձևավորված շահույթն իր մասնակիցների միջև առավել հաճախ բաշխելու հնարավորություն, ինչը կնպաստի ՓՄՁ սուբյեկտների կողմից իրենց մասնակիցներին օրինական կարգով շահույթի մասը վճարելուն:
Էկոնոմիկայի նախարարությունը նշում է, որ նման կարգավորումը կնպաստի ՓՄՁ սուբյեկտ ՍՊԸ-ների ստեղծմանը և դրանցում ներդրումների կատարմանը:
Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացնվի Ազգային ժողովի քննարկմանը։