Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) ոչինչ հայտնի չէ իր տարածքում կազմակերպության առաքելությունը տեղակայելու Հայաստանի պատրաստակամության մասին: Այդ մասին հայտնել է NEWS.ru-ն՝ հղում անելով ՀԱՊԿ քարտուղարությունում իր աղբյուրին։ Նրա խոսքով՝ համանման բոլոր հաղորդագրությունները կազմակերպությունը լսում է միայն տեղեկատվական գործակալություններից, այլ ոչ՝ Հայաստանի իշխանություններից։

«Մենք այս հաշվով պաշտոնական փաստաթղթեր չունենք։ Երբ իրավիճակը հասկանալի դառնա, պատրաստ կլինենք մեկնաբանել դա»,- հայտարարել է աղբյուրը։

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ոչ միայն Ռուսաստանը, այլև Հայաստանն է պատրաստ, որ ՀԱՊԿ առաքելություն տեղակայվի Հայաստանում։ «Մենք մեր մտահոգությունների շրջանակը գծել ենք և մեր մտահոգությունը, մեր ցանկությունը կամ մղումն այն է, որ հնարավոր առաքելությունը լինի արդյունավետ: Սա կարեւոր է և’ Հայաստանի համար, և’ ՀԱՊԿ-ի համար, սա կարևոր է և տարածաշրջանի համար: Մենք այդ ուղղությամբ շարունակում ենք քննարկումները»,- հայտարարել էր Փաշինյանը։

Մինչ այդ պաշտոնական Երևանը հայտարարել էր հայտարարել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարը գրավոր ընթացակարգով տեղեկացրել է ՀԱՊԿ միացյալ շտաբին, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված Երևանը նպատակահարմար չի համարում Հայաստանի տարածքում այդ կազմակերպության զորավարժությունների անցկացումը։ Ըստ Փաշինյանի՝ խոսքը վերաբերում էր ողջ 2023թ-ին։ Բացի այդ, Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ոչ թե Հայաստանն է պատրաստվում դուրս գալ ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն՝ Հայաստանից։