Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերով քննությունը կասեցվել է
Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Արդարադատության միջազգային դատարանում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերով Հայաստանն իր ամբողջական հայցադիմումն ընդդեմ Ադրբեջանի ներկայացրել է Դատարան ս.թ. հունվարի 23-ին, միաժամանակ ստանալով նաև Ադրբեջանի ամբողջական հայցադիմումն ընդդեմ Հայաստանի։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը մանրամասնում է, որ դատարանի Կանոնների համաձայն պետություններն իրավունք ունեն ներկայացնել նախնական առարկություններ (Preliminary Objections) մյուս կողմի ամբողջական հայցադիմումի վերաբերյալ՝ այն ստանալուց հետո 3 ամսվա ընթացքում։ Նախնական առարկություններով պետությունները բարձրացնում են Դատարանի իրավազորության բացակայության և հայցապահանջների անընդունելիության վերաբերյալ փաստարկներ և հիմնավորումներ։
Նախնական առարկություններ ստանալուց հետո Դատարանն իր Կանոնների համաձայն կասեցնում է գործի ըստ էության քննությունը մինչև նախնական առարկությունների վերաբերյալ որոշում կայացնելը։
Ս.թ. ապրիլի 21-ին Հայաստանը սահմանված ժամկետում ներկայացրել է նախնական առարկություններ Ադրբեջանի հայցադիմումի վերաբերյալ։ Հայաստանի կողմից ներկայացրած նախնական առարկությունները վերաբերում են Ադրբեջանի հայցադիումում տեղ գտած պահանջների մեծ մասին։
Միաժամանակ Հայաստանը ստացել է նաև Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները Հայաստանի կողմից ներկայացրած հայցադիմումի վերաբերյալ։
Կողմերը հնարավորություն ունեն ներկայացնել իրենց դիտարկումները մյուս կողմի ներկայացրած նախնական առարկութունների վերաբերյալ Դատարանի կողմից սահմանվելիք ժամկետում։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 23-ին շուրջ մեկ տարվա նախապատրաստական աշխատանքից հետո Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Հայաստանի ամբողջական գանգատը և պահանջներն ընդդեմ Ադրբեջանի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում:
Այդ պահանջներն ընդհանուր առմամբ վերաբերում են Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ էթնիկ հայերի և հայկականության նկատմամբ տարվող ատելության և խտրական վերաբերմունքի հետևանքով առաջացած խախտումների արձանագրմանը և պատճառված վնասի հատուցմանը:
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ 2021թ-ի սեպտեմբերի 16-ին Հայաստանը ներկայացրել էր գանգատ ընդդեմ Ադրբեջանի՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Դատարանը սահմանել էր ժամկետ ամբողջական գանգատի և ապացույցների ներկայացման համար մինչև 2023թ-ի հունվարի 23-ը: