Արցախին 3,5 մլրդ դրամի միջպետական վարկ կտրամադրվի
Հայաստանի Կառավարությունն Արցախի Հանրապետությանը 3,5 մլրդ դրամի միջպետական վարկ կտրամադրի: Որոշումն ընդգրկված է Կառավարության ապրիլի 27-ի նիստի օրակարգում:
Վարկն Արցախի կառավարությանը կտրամադրվի տարեկան 0,01 % տոկոսադրույքով, մինչև 2027թ. հունվարի 1-ը մարման ժամկետով՝ վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարների վճարումը վարկի մարման վերջնաժամկետում իրականացնելու պայմանով:
«Ստացվել է առաջարկ 2023թ. պետական բյուջեով նախատեսված Լեռնային Ղարաբաղին միջպետական վարկի գումարը 3.5 մլրդ դրամով ավելացնելու վերաբերյալ:
Ներկայացված նախագծով նախատեսվում է ՀՀ 2023թ-ի պետական բյուջեի հարկային եկամուտներից տրամադրել միջպետական վարկ Լեռնային Ղարաբաղին 3.5 մլրդ դրամի չափով՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ: