264 մլն դրամ՝ Շիրակի մարզի 128 դպրոցների ճաշարանների գույքի ձեռքբերման համար
Շիրակի մարզի 128 դպրոցների ճաշարանների համար անhրաժեշտ գույք և սարքավորումներ ձեռք բերելու նպատակով Կառավարությունը կհատկացնի 264 մլն 361 հազ դրամ։ Որոշումն ընդունվեց գործադիրի ապրիլի 27-ի նիստում։
Հատկացվող գումարից 233 մլն 997 հազ. դրամը դպրոցների խնայողությունների հաշվին է, իսկ 30 մլն 363 հազ դրամը կհատկացվի ԿԳՄՍ 2023թ․ պետական բյուջեի վերաբաշխման միջոցով։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ Շիրակի մարզը 2018թ.-ի սեպտեմբերից միացել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին: Ծրագրի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է նաև ապահովել դպրոցների ճաշարանների համապատասխան շենքային պայմաններ՝ գույքի, սարքավորումների և այլ անհրաժեշտ պարագաների առկայություն:
Իրականացվել է մարզի դպրոցների ճաշարանների կարիքների հավաքագրման գործընթաց (գնահատումն իրականացվել է 146 դպրոցում), որի արդյունքներով պարզ է դարձել, որ.
- 31 դպրոց ունի թե՛ ճաշարանի և/կամ խոհանոցի ընթացիկ նորոգման կարիք, թե՛ խոհանոցային սպասքի և այլ պարագաների և թե՛ գույքի և սարքավորումների կարիք,
- 132 դպրոց ունի խոհանոցային սպասքի և այլ պարագաների կարիք,
- վերը նշված 132-ից 128 դպրոց ունի նաև ճաշարանի և խոհանոցի համար գույքի և սարքավորումների կարիք:
Ըստ նախագծի հիմնավորման՝ կապահովվեն կրթության համար առավել բարենպաստ պայմաններ՝ հնարավորություն ընձեռելով Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող դպրոցներին արդյունավետ իրականացնելու դպրոցական երեխաներին սննդով ապահովելու ծրագիրը։