Ապրիլի 28-ից մայիսի 17-ը Երևանում, Գյումրիում և Աբովյանում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 21-րդ փառատոնը:

Փառատոնի կազմակերպիչները հայտնում են, որ այս տարի փառատոնի մասնակից երկրներն են՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Լեհաստանը, Վրաստանը. կցուցադրվի 20 մոնոներկայացում, որից 7-ը՝ միջազգային ծրագրում։ Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոօպերա, մոնոդրամա, մոնոդոկ: Մոնոներկայացումները կցուցադրվեն «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Օպերա», «Արմմոնո-Դեբյուտ» խորագրերի շրջանակում։

Կանցկացվի նաև հատուկ նախագիծ «Թատրոն-Դրամա.am» էլ․ կայքի հետ, որի շրջանակում նախատեսված են թատերական ընթերցումներ՝ «Բաժանություն հայկական ձևով» խորագրի ներքո, որտեղ կներկայացվեն հայ դրամատուրգների գործեր (բեմադրիչ՝ Տաթև Ղազարյան)։

«Արմմոնո» փառատոնի մեկնարկը կտրվի ապրիլի 28-ին՝ ժամը 20։30-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում․ կներկայացվի փառատոնի նոր պաշտոնական կայքը։ Փառատոնի բացման արարողությանը մի խումբ թատերական գործիչներ կպարգևատրվեն «Արմմոնո» հուշամեդալով։

Փառատոնի օրերին Երևան կժամանեն միջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններ, փորձագետներ, որոնք կանցկացնեն վարպետության դասեր։

Միջազգային ծրագրում հանդես կգան Անտոն Մոզգալյովը՝ «Դահիճը» (ՌԴ), Յուլիա Կուդրյաշովան՝ «Այն մեկին ո՞վ գիտի» (Ղազախստան), Նազգյուլ Կարաբալինան՝ «Մոնո» (Ղազախստան), Դմիտրի Նիկոլայենկոն՝ «Հեզը» (ՌԴ), Ալեքսեյ Կուլակովը՝ «Լուսնի քաղաքացին» (Բելառուս), Իրինա Մեղվինետուխուցեսին՝ «Ագնեսը․ Ուիլլի կինը» (Վրաստան) մոնոներկայացումներով:

Տեղական ծրագրում հանդես կգան Վարսենիկ Ավանյանը՝ «Սպասում», Լիլիա Մուկուչյանը՝ «Վարեչկա», Մարիամ Մանոն՝ «Ապրե´լ», Արմեն Քուշքյանը՝ «Համլետի երազները» մոնոներկայացումներով:

Նշենք, որ «Համլետի երազները» մոնոներկայացումը նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հիշատակին․ այն բեմադրիչի վերջին աշխատանքն է։

Այս տարի «Արմմոնո» փառատոնը կշեշտադրի հայ երիտասարդ դրամատուրգների, բեմադրիչների, դերասանների գործեր, որոնք առաջին ինքնուրույն քայլերն են անում դեպի մեծ բեմեր։

Կազմակերպիչները նշում են, որ աշխարհում ընդունված և ճանաչված արդի թատերական ժանրերից՝ մոնոներկայացումը, հարազատ և սիրելի է հայ հանդիսատեսի համար. «Մեծ է փառատոնի կարևորությունն ու նշանակությունը հայաստանյան մշակույթի զարգացման և թատերարվեստի մոնոժանրի խթանման, ինչպես նաև միջազգային ասպարեզում հայ թատերական արվեստը ճանաչելի դարձնելու գործում»: