Հրատարակվել է «Հայոց ազգին պարտեզի գանձերը. Պալյաններ» գիրքը, որը պատմում է Պալյան ճարտարապետական գերդաստանի նախագծմամբ Ստամբուլում կառուցված հարյուրավոր շինությունների՝ պալատական, ռազմական կառույցների մասին:

Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գլխավոր գիտքարտուղար Աշոտ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ներկայացնելով գրքի ստեղծման նախապատմությունն ու գաղափարը, նշեց, որ 1990-ականներից  սկսած Թամանյանի անվան ճարտարապետության թանգարանում աշխատում են արտերկրի հայ ճարտարապետների ստեղծագործությունների արխիվների ստեղծման ուղղությամբ:

Ըստ նրա՝  այդ ժամանակ սկսել են ուսումնասիրել Թուրքիայի հայ ճարտարապետների ստեղծագործությունները, այդ թվում՝  Պալյանների, ովքեր ապրել և ստեղծագործել են 17-րդ դարից մինչև 20-րդ դարի առաջին կես: Այսինքն՝ Պալյանների 9 սերունդ աշխատել է Թուրքիայում, իսկ նրանց մեծ մասը հռչակվել են պալատական ճարտարապետներ:

«Փնտրտուքն ի վերջո տվեց իր արդյունքը, մենք գտանք Պալյանների արխիվը: Ի դեպ նյութերը փնտրում էինք ոչ միայն մենք, այլ նաև թուրքերը»,- ասաց Աշոտ Գրիգորյանը:

Պալյանների արխիվը Իտալիայում գտնելուց հետո,  բավական մեծ դժվարությամբ, սակայն առանց կորուստների այն տեղափոխել են Հայաստան: Արխիվային գործերում կային բոլոր նշանավոր կառույցների նախագծերը:

«Արխիվային նյութերը գրված էին ֆրանսերենով, օսմաներենով, թուրքերենով, հայատառ թուրքերենով, արևմտահայերենով։ 2014թ․-ից մենք սկսեցինք այդ արխիվի ուսումնասիրությունը: Արդյունքում, հավաքվեց մի նյութ, որը պետք էր հրատարակել»,- ասաց Աշոտ Գրիգորյանը:

Պալյանների նախագծերով պալատների, ամառանոցների, մզկիթների և այլ շինությունների կառուցման համար եթե ոչ 100, ապա 90 տոկոսով օգտագործվել է հայերի ներուժը: Այսինքն՝ Պալյանները համագործակցել են հայ մասնագետների հետ:  Այսպիսով, «Հայոց ազգին պարտեզի գանձերը. Պալյաններ» գիրքը, որն այժմ թարգմանվում է թուրքերենով, ևս մեկ անգամ փաստում է հայերի անջնջելի հետքի մասին՝ Ստամբուլի ճարտարապետական դիմագծում: