Արարատի մարզի Զանգակատուն սահմանամերձ համայնքը Հայաստանում և նրա սահմաններից դուրս հայտնի է իր խնձորի բազմաթիվ տեսակներով: Խնձորենիները մշտապես ապահովում են առատ բերք, և արդյունքում գյուղացիները կանգնում են իրացման խնդրի առաջ: Մի քանի տարի առաջ բարեգործների օգնությամբ գյուղում ստեղծվեց սառնարանային տնտեսություն՝ հետագայում արժանապատիվ գներով բերքն իրացնելու համար: Այս մասին խոսել է համայնքապետ Էմին Սահակյանը՝ «Արմենպրես» -ի թղթակցի հետ զրույցում։

«Հազար տոննայից ավելի խնձորը, որ թափվում է ծառերի տակ և շուկայում իրացնել հնարավոր չէ, զգալի նյութական վնաս է պատճառում հողագործին: Գյուղացիները ստիպված, հաղթահարելով 70 կմ ճանապարհային դժվարությունները, այն հասցնում են Արտաշատի պահածոների գործարան, որը մթերում է 1 կգ-ն 30 դրամով: Տրանսպորտի ու վառելանյութի ծախսերը հանելուց հետո գյուղացուն բան չի մնում իր վաստակածից», - նշել է համայնքապետը։

«Որոշեցինք տեղական հումքի վրա ստեղծել հյութի արտադրամաս»: «Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղը՝ տնօրեն Կարեն Մանվելյանի ղեկավարությամբ օգնության ձեռք մեկնեց սահմանապահ գյուղին՝ ներդնելով 50 հազար եվրո գումար: Շնորհիվ գերմանական բանկ-հիմնադրամ- Զանգակատուն համայնք եռակողմ համաձայնագրի, միասին կլուծենք իրացման շուկաներ գտնելու հարցը։ Այժմ բանկի հետ տարվում են համապատասխան աշխատանքներ, որոնց կհաջորդի արտադրամասի կառուցումը»: