«Լույս» հիմնադրամը, որը կրթաթոշակ է տրամադրում աշխարհի լավագույն համալսարաններում սովորող հայ երիտասարդներին, ներկայացրել է կրթաթոշակների տրամադրման նոր կանոնակարգը: Փոխանցում է 168.am-ը։

««Լույս» հիմնադրամն ստեղծվել է 2009թ.-ին, և Հիմնադրամի առաքելության հիմքում դրվել է Հայաստանի զարգացման ապահովումը համաշխարհային գիտելիքահենք տնտեսության պայմաններում։ «Լույսը» փոխառություն կամ կրթաթոշակ է տրամադրում աշխարհի լավագույն համալսարաններում սովորող հայ երիտասարդներին և տարբեր նախագծերի, ծրագրերի միջոցով ապահովում նրանց մասնակցությունը Հայաստանի զարգացման գործում։

Այսօր «Լույսն» ունի 500-ից ավելի կրթաթոշակառուների և շրջանավարտների համայնք աշխարհի տարբեր անկյուններից։ Նրանք բոլորն ակտիվ մասնակցություն ունեն դրական փոփոխությունների իրագործմանը թե՛ աշխատավայրերում, թե՛ այն գիտական կենտրոններում, որտեղ սովորում են։

2017թ.-ի հուլիսին՝ «Լույսի» համայնքի հետ հանդիպման ժամանակ, ՀՀ նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ Հիմնադրամի աշխատանքում ռազմավարական փոփոխություններ իրականացնելու ժամանակն է։

Հայտարարությանը հաջորդած ամիսների ընթացքում «Լույսը» կատարել է 2009թ․-ից ի վեր իր բոլոր գործառնությունների խոր ուսումնասիրություն։ Արված վերլուծության հիման վրա «Լույսի» գիտական խորհուրդը որոշում է կայացրել ընդունել Կրթաթոշակի ծրագրի նոր կանոնակարգ։ Ռազմավարական այս նոր մոտեցումը թույլ կտա ավելի նպատակաուղղված ծառայել Հայաստանի և ողջ Հայկական աշխարհի զարգացմանը։

Ստորև ներկայացնում ենք Կրթաթոշակի ծրագրի տրամադրման կարգի հիմնական կետերը։

Նկարագիր․

«Լույսը» փոխառություն կամ կրթաթոշակ է շնորհում աշխարհասփյուռ հայ ուսանողներին` աշխարհի լավագույն համալսարաններում սովորելու:

«Լույսի» կրթաթոշակի առցանց հայտերն ընդունվում են ամեն ապրիլի 1-ից (Երևանի ժամանակով 00:00) մինչև հուլիսի 15-ը (Երևանի ժամանակով 23:59): Ուշացած կամ ոչ ամբողջական հայտերը չեղյալ կդարձնեն ուսանողի դիմումը:

Համապատասխանության չափորոշիչներ

«Լույսի» կրթաթոշակի ծրագրի դիմորդը պետք է համապատասխանի հետևյալ չափորոշիչներին․

- լինի հայ՝ ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ կամ ունենա հայկական արմատներ,

- «Լույսին» դիմելու պահին պետք է լինի 18-40 տարեկան,

- ընդունված լինի «Լույսի» կայքում հրապարակված լավագույն 10 (տասը) համալսարաններից մեկը՝ գիտական աստիճան շնորհող, առկա ուսուցմամբ ծրագրով սովորելու։

Ֆինանսավորվող ակադեմիական ծրագրեր․

Կրթաթոշակի ծրագրին դիմելու համար պետք է ընդունված լինել «Լույսի» կայքում հրապարակված համալսարաններից մեկը՝ հետևյալ գիտական աստիճաններից մեկը շնորհող, առկա ուսուցմամբ ծրագրով սովորելու.

- Բակալավրիատ

- Մագիստրատուրա (Պայման ՀՀ քաղաքացի, արական սեռի դիմորդների համար մագիստրոսական ծրագրով սովորելու համար. փոխառություն/կրթաթոշակ կշնորհվի նրանց, ովքեր չունեն պարտավորություն ՀՀ ԶՈՒ նկատմամբ):

- Ասպիրանտուրա

Հատուկ հանձնաժողովի կողմից կընտրվեն ասպիրանտական այն ծրագրերը, որոնց հետազոտության թեման համապատասխանում է ՀՀ տնտեսական աճի և զարգացման առաջնահերթություններին՝ սահմանված ՀՀ կառավարության կողմից:

Փոխառության/Կրթաթոշակի բաշխում․

«Լույսը» փոխառություն կամ կրթաթոշակ է շնորհում առցանց հայտը լրացրած առաջին 10 ուսանողներին, ովքեր դիմում են պահանջվող փաստաթղթերի ամբողջական փաթեթով: Յուրաքանչյուր համալսարանի համար առավելագույնը 7 տեղ կհատկացվի ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ հանդիսացող դիմորդներին, առավելագույնը 3 տեղ՝ հայազգի այլ դիմորդներին

Փոխառության/Կրթաթոշակի չափի սահմանում․

ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ հանդիսացող դիմորդներ.

- կհատկացվի կրթաթոշակ ուսման ընդհանուր ծախսերի մինչև 50 տոկոսի չափով` ուսման ավարտին Հայաստան վերադառնալու և Հայաստանում կամ Արցախում առնվազն երեք տարի աշխատելու պայմանով:
* Այս պայմանը կատարելու համար կրթաթոշակառուին կարող է տրամադրվել մինչև մեկ տարի ժամանակ:

- ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ հանդիսացող այն դիմորդները, ովքեր ուսման ավարտից հետո Հայաստան կամ Արցախ վերադառնալու և երեք տարով պետական ոլորտում աշխատանքի անցնելու պարտավորություն կստանձնեն, կարող են ստանալ հավելյալ ֆինանսավորում ուսման ընդհանուր ծախսերի մինչև 25 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան ուսման ընդհանուր ծախսերի 75 տոկոսը:

Հայազգի այլ դիմորդներ.

Կհատկացվի կրթաթոշակ ուսման ընդհանուր ծախսերի մինչև 25 տոկոսի չափով՝ «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին մասնակցության պայմանով:

Այն կրթաթոշակառուները, ովքեր ուսման ավարտից հետո Հայաստանում կամ Արցախում հաստատվելու և առնվազն երեք տարով աշխատանքի անցնելու պարտավորություն կստանձնեն, կստանան հավելյալ ֆինանսավորում ուսման ընդհանուր ծախսերի մինչև 25 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի քան ուսման ընդհանուր ծախսերի 50 տոկոսը»: