2018-2019 ուստարվա ընդունելության շրջանակներում 105 անվճար տեղ կհատկացվի ազգային բանակից զորացրված դիմորդներին. «Փաստ»
Շրջանառության է դրվել «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2018/2019 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն` ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Այս մասին գրում է «Փաստ» թերթը։
2018-2019 ուստարվա անվճար տեղերն ըստ մասնագիտությունների ձևավորելիս՝ հաշվի են առնվել շահագրգիռ կազմակերպությունների և մարմինների կողմից ներկայացված հայտերը: Նախապատվությունը տրվել է տեղեկատվական տեխնոլոգիաների, բնագիտական և տնտեսության համար առաջնային նշանակություն ունեցող մասնագիտություններին:
Մրցութային կարգով 105 տեղ կհատկացվի ազգային բանակից զորացրված դիմորդներին: Նախագծի նպատակն է կանոնակարգել բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրոսի կրթական ծրագրով տեղերի ընդունելությունը՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, ինչպես նաև կարգավորել իրավական դաշտը տվյալ բնագավառում: Այն կապահովի բարձրագույն կրթության շարունակականությունը և բարձր որակավորմամբ կադրերի պատրաստումը՝ ըստ կրթական ծրագրերի, կնպաստի պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների պատրաստմանը:
Կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է 2018/2019 ուստարվա մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով կառավարության հաստատմանը ներկայացնել 1350 տեղ, որից 105-ը՝ բանակից զորացրված դիմորդների համար: