2018թ. սկզբից մինչ օրս ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացրել մարդկանց զանգվածային կուտակում ունեցող 50-ից ավելի օբյեկտներում (հյուրանոցներ, սննդի կետեր, առևտրի կենտրոններ, մարզամշակութային հաստատություններ և այլն):

«Դեռևս այս տարվա սկզբին ծառայությունը նամակով դիմել է տարբեր կազմակերպությունների և հիշեցրել, որ հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, հետևանքների վերացման, դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության համար անհրաժեշտ է խստորեն կատարել հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջները: Շահագործվող օբյեկտում պետք է անվերապահորեն կատարվեն հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջները, որոնց խախտումները կարող են հանգեցնել հրդեհի կամ տեխնածին վթարի՝ դրանցից բխող բոլոր ծանր հետևանքներով:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված են պատասխանատվության միջոցներ՝ հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության հիմնական պահանջների չկատարման համար: Այսպես՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով սահմանվում է պատասխանատվություն օրենքի դրույթների խախտման համար: Իսկ հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար սահմանված է պատասխանատվություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 187-րդ հոդվածով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 232-րդ հոդվածով»,- ասված է ԱԻՆ-ի տարածած հայտարարության մեջ: