Գյուղատնտեսության նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, որպեսզի գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ (ԳՄՕ) պարունակող ապրանքների ներկրմանը տրվեն համապատասխան կարգավորումներ։ Այդ մասին այսօր հայտնել է Սննդի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետ Իշխան Կարապետյանը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է մասնավորապես սերմերի ներկրմանը։ Փոխանցում է «Ազատություն»-ը։

«Դեռ գիտության մեջ գոյություն ունի վեճ՝ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայությամբ սննդամթերքները կամ սերմերը վտանգավոր են, թե՞՝ օգտակար։ Մի կողմից գոյություն ունի չուսումնասիրված ռիսկի աստիճան մարդու կյանքի և առողջության համար, մյուս կողմից գոյություն ունի արդյունավետության որոշակի գործակից, որը բնորոշ է գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից։ Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայությունը և դրա սահմանափակումներն առհասարակ գիտեմ, որ գյուղատնտեսության նախարարությունը ներկայումս նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, որպեսզի տան համապատասխան կարգավորումներ, բայց ինչքան որ տեղյակ եմ խոսքը վերաբերում է միայն սերմերի ներկրմանը, այսինքն՝ գենետիկորեն ձևափոխված սերմերի ներկրմանը, ինչ վերաբերվում է պատրաստի սննդամթերքին և վերամշակված սննդամթերքին, ապա այս դաշտում գոյություն ունի կանոնակարգում, և եթե նույնպես կլինի սահմանափակում օրենսդրորեն կարգավորված, հետևապես սահմանային հսկողության շրջանակներում ուշադրություն կդարձվի այդ հարցին և կարգելվեն օրենքով արգելված մակնիշմամբ և պարամետրերով սննդամթերքի ներկրումը», - ասել է Կարապետյանը։