Չիկագոյում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսության բացման պաշտոնական արարողությունը (հյուպատոսական շրջանը ներառում է ԱՄՆ Իլինոյ, Միսուրի, Այովա, Վիսկոնսին ու Մինեսոտա նահանգները): Չիկագոյի կենտրոնում գտնվող Հայաստանի նոր հյուպատոսական ներկայացուցչությունում տեղի ունեցած բացման ու պատվո հյուպատոս Օսկար Թաթոսյանի պաշտոնավարման մեկնարկի ազդարարման հանդիսավոր արարողությանը հաջորդեց դիվանագիտական ընդունելություն Չիկագոյի պատմական «Union League Club»-ում:

Ներկաներին ողջունեցին Չիկագոյի քաղաքապետ Ռահմ Էմանուելը, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը: Հանդիսությանը ներկա էին 400-ից ավելի հյուրեր, այդ թվում` Իլինոյ նահանգի կոնգրեսականներ, Չիկագոյի հյուպատոսական կորպուսի անդամներ, ինչպես նաև տեղի ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ: