Չորս օր է ինչ գործարկվել է Արփա-Սևան թունելային ջրատարը, որով ջուր է հոսում Սևանա լիճ: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից։ Փոխանցում է armenpress-ը։ Մարտի 27-ի դրությամբ արդեն ջրատարով Սևանա լիճ է հոսել 4 միլիոն 655 հազար խորանարդ մետր ջուր՝ օրական 1 միլիոն 168 հազար խորանարդ մետր միջին թողունակությամբ: 2018թ․-ի մարտի 27-ին Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 52 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով ավել է նախորդ տարվա նույն օրվա նիշից:

Ելքերի մեծացում է դիտվել Սևան թափվող որոշ գետերում: Օրինակ, մարտի վերջերին բնորոշ միջին կամ առավելագույն ելքերից ավել ջուր են տեղափոխում Մասրիկ, Արգիճի, Ձկնագետ, Գավառագետ գետերը:Մարտի 27-ի առավոտվա դրությամբ Արգիճի գետի ելքը կազմել է 21 խորանարդ մետր վայրկյան, մարտի 26-ի երեկոյան ժամերին՝ 24 խորանարդ մետր վայրկյան՝ մարտին բնորոշ 8,89 խմ. վայրկյան առավելագույն ելքի դիմաց: Մասրիկ գետի ելքը այսօր առավոտյան կազմել է 4,86 խմ. վայրկյան՝ 4,90 առավելագույն ելքի դիմաց: Ձկնագետի ելքը կազմել է 5,20, Գավառագետի ելքը՝ 4,88 խորանարդ մետր վայրկյան՝ համապատասխանաբար 4,28 և 4,62 խմ. վայրկյան առավելագույն ելքերի դիմաց: Ստորերկրյա հոսքի միջոցով այս տարի Սևանա լիճ է լցվել 7 միլիոն 776 հազար խորանարդ մետր ջուր: