Մարտի 27-ին մեկնարկել է Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող 2018 թվականի ունկնդիրների՝ քննիչի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց առաջին քննաշրջանը: Այսօր գրավոր քննություն է հանձնել 27 ունկնդիր «ՀՀ սահմանադրական արդարադատության արդի միտումները» դասընթացից:
Քննիչի թեկնածուների դասընթացների ընդհանուր ժամաքանակը 250 ակադեմիական ժամ է, ևս 18 ակադեմիական ժամ՝ քննաշրջանի համար: Ուսուցման ծրագրի համաձայն՝ քննիչի թեկնածուների առաջին խմբի համար ուսումնառության տևողությունը սահմանված է 2018 թվականի փետրվարի 19-ից սեպտեմբերի 25-ը՝ ներառյալ 3 ամիս տևողությամբ փորձաշրջանը: Ուսումնառությունը բաղկացած է ուսուցման 4 հատվածներից, որոնցից յուրաքանչյուրի ավարտին ունկնդիրները քննություն են հանձնում համապատասխան առարկաներից: Ուսուցման առաջին հատվածին հաջորդող քննաշրջանը, որը մեկնարկել է այսօր, կավարտվի մարտի 30-ին:
Տեղեկացնենք, որ քննիչների թեկնածուների ուսուցումը կազմակերպվում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան որոշման հիման վրա մշակված ուսուցման ծրագրի համաձայն: Այն նպատակ ունի ձևավորել ունկնդիրների մոտ քննիչի պաշտոնում գործելու համար անհրաժեշտ կարողություններ և հմտություններ, ընդլայնել մասնագիտական գիտելիքները: