Վայոց ձորի Շատին համայնքի Եղեգիս գետն այսօր առվակ է դարձել։ Այս մասին մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ֆերմեր Տիգրան Եղոյանը։ Փոխանցում է Պանորամա-ն։

«Մի անգամ հայտարարեցինք՝ Եղեգիս գետի մասին ասում են, որ սակավաջուր է, սակայն կան 19 գործող հէկ-եր, դրանից մոտ 2 ամիս հետո բնապահպանության գործող նախարարի՝ Արծվիկ Մինասյանի կողմից ստացանք պաշտոնական նամակ, որտեղ նա հայտարարում է, որ ոչ թե 19 հէկ է, այլ ընդամենը 6։ Գուցե վեց ՀԷԿ-երը գտնվում են պետռեգիստրի ուշադրության կենտրոնում, մնացածը ստվերում են գործում, որոնց թիկունքում կանգնած են օլիգարխիկ անձնավորություններ»,- ասաց նա։

Եղոյանը նշեց, որ դա հարված է ոչ միայն իրենց՝ գործարարներին, այլ ողջ բնապահպանությանը, իսկ Դադիվանքի տարածքում կա Թթուջուր կոչված փոքրիկ գետակ, որը Վայոց ձորի հասարակության համար կենսական նշանակություն ունեցող ջուր է, երկու օր անընդմեջ բեռնատարները շարժվում են դեպի այդ տարածք՝ նոր հէկ-եր կառուցելու։ Ֆերմերն ասաց, որ թեպետ տեղյակ չէ՝ ով է այդ ՀԷԿ-երի հեղինակը, որ նոր են կառուցելու, բնապահպանության նախարարության ղեկավարությունը նույնպես ասում է, որ տեղյակ չեն, սակայն արդեն 32 կմ ցամաքեցրել են։

Եղոյանը բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հրավիրեց հեռուստաբանավեճի, նաև՝ Վայոց ձոր՝ տեղում ծանոթանալու, տեսնելու՝ ինչ է կատարվում։ «Սա տնտեսական հանցագործություն է, ոչ միայն Վայոց ձորի, այլ ամբողջ մեր հանրապետության հանդեպ։ Արդեն սկսվել է մի մրցավազք, բոլոր գետերի վրա սկսել են նույնը կառուցել։ Մարդիկ հավաքվել են, պատրաստ են ստորագրություններ հավաքել, անգամ հասարակական ընդվզման են պատրաստ։ Ես պատրաստ եմ ղեկավարելու այդ ազգաբնակչությանը՝ հասարակական նոր ընդվզում բարձրացնելու»,- ասաց նա։

Ֆերմեր Օհաննես Ստեփանյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսությանն իբր օժանդակելու համար նոր հէկ-եր են կառուցում, սակայն երբ մարդը հիվանդ է, ու դեղն արագացնում է նրա մահը, այդ դեղը պետք է կանխվի։ «Հէկ-երը սպանում են երկրի տնտեսությունը, երբ ջուրը կանգնում է, գյուղացին չի կարողանում օգտագործել ջուրը, ինքը թողնում է գյուղը, իսկ երբ գյուղը դատարկ է, գյուղացին, քաղաքացին չկա, երկիր գոյություն չունի։ Ուրեմն՝ այս մարդիկ վերացնում են պետականությունը։ Ես այլ կերպ չեմ կարող գնահատել այս ամենը»,- ասաց նա։

Բնապահպան Կարինե Դանիելյանը նկատեց՝ փոքր հէկ-երը, որ աշխարհում ընկալվում են որպես զարգացման դրական, այլընտրանքային տարբերակ, մեզանում բավական բացասական դեր իրականացրին այն առումով, որ նախ՝ պարզվեց՝ ստանդարտները ճիշտ չեն հաշվարկված, նաև սեզոնային փոփոխությունները, և այս առումով՝ լինում է ժամանակ, երբ գետերն առհասարակ առանց ջուր են մնում։ Դանիելյանի խոսքով՝ ստանդարտները, հատկապես՝ սանիտարական և էկոլոգիական, վերանայվեցին, բայց Եղեգիս գետն ուղղակի ամենացայտուն օրինակն է այն բանի, թե որքան սխալներ են իրականացվել։

«Եթե ևս երկու հէկ են ավելացնում, ուղղակի հոգեկան հիվանդության մասին է խոսքը։ Ես հասկանում եմ, որ այստեղ ոռոգման լուրջ խնդիր կա, բայց հէկ-երն էլ լուրջ խնդիր ունեն, որովհետև բավական գումարներ են ծախսել, կառուցել են, իսկ հիմա չեն կարողանում լիարժեք աշխատել։ Դա միայն կլիմայի փոփոխության խնդիրը չէ, սկզբունքորեն այսքան հէկ շարել այս փոքր գետակի վրա, այն էլ հիմա՝ այս կլիմայական փոփոխության պայմաններում, ակնհայտ է, որ այդպես պետք է լիներ»,- ասաց նա։ Դանիելյանը նշեց՝ այստեղ մեծ կոնֆլիկտ է այս հէկ-երի ու մարդկանց՝ ֆերմերների միջև, ովքեր ոռոգման ջրից են կտրվում։ Բնապահպանի կարծիքով՝ պետք է գտնել կոմպրոմիսային տարբերակը գոնե գործող հէկ-երի ու ոռոգման ցանցի միջև։