«Վերահսկողությունը տեղերում պետք է շատ խիստ լինի, քանի որ բարձր բերքատվությունը պայմանավորված է լինելու մշակաբույսերի գրագետ մշակությամբ: Բացի դրանից, շատ կարևոր է մշակաբույսի ցանքսից առաջ գնահատել տեղանքի ոռոգման հնարավորություններն ու գոտիների նպատակահարմարությունը»։ Այս մասին ասել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը՝ այսօր անցկացրած խորհրդակցության ընթացքում։ Փոխանցում է Պանորամա-ն։

Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը խոսել է նաև պետական նոր ծրագրերի մասին, որոնք նախատեսվում են իրականացնել անասնապահության զարգացումը խթանելու համար: Առաջին նախագիծը խոզաբուծության զարգացմանն է վերաբերում: Այդ նպատակով, Ասկերանի շրջանում առաջիկայում կսկսվեն նոր տոհմային խոզաբուծարանի կառուցման աշխատանքները
Նրա խոսքով՝ այն կունենա երկու մասնաբաժին՝ առաջին հատվածում կբուծվեն գոճիներ՝ ֆերմերներին տրամադրելու նպատակով, իսկ երկրորդ հատվածը կծառայի մսի արտադրության համար:

«Անընդունելի է ունենալ գարու և ոչ պարենային ցորենի մեծ ավելցուկ և, դրան զուգահեռ, բախվել մսի առաջարկի խնդրին: Արցախը մսի արտահանման մեծ ներուժ ունի, և առաջիկա տարիներին դա պետք է դառնա ոլորտում իրականացվող մեր հիմնական քաղաքականությունը: Այդ նպատակով, բացի խոզաբուծության ներկայացված ծրագրից, կոնկրետ աշխատանքներ ենք տանում նաև բարձրորակ ցեղատեսակի երինջների և ոչխարների մեծ քանակի ներկրման և դրանք ֆերմերներին տրամադրելու ուղղությամբ»,- նշել է պետական նախարարը: