XI դարի Ախալքալաքի բերդն այս պահին պահպանելու պետական ծրագիր չկա, չնայած ամրոցը վնասված է և վերջնական փլուզման եզրին է: Գոյություն ունի բերդը փլուզումից փրկելու երկու ուղի՝ վերականգնել կամ կոնսերվացնել: Խնդրին անդրադարձել է jnews.ge։

Ախալքալաքի բերդը քաղաքի հիմնական տեսարժան վայրն է: Այսօր այն անտեսված է: 11-րդ դարի մշակութային ժառանգությունը վերածվել է աղբանոցի և զուգարանի: Այս վայրը զբոսաշրջիկներին չի գրավում, քանի որ այստեղ ենթակառուցվածքը զարգացած չէ, և տուրիստական քարտեզում նշված չկա: Ժամանակ առ ժամանակ Ախալքալաքում արդիական է դառնում XI դարի պատմական հուշարձանի պահպանման անհրաժեշտության հարցը:

Ախալքալաքի շրջանի Սակրեբուլոյի նախագահ Նայիրի Իրիցյանը կողմ է բերդի վերականգնմանն ու տարածքի բարեկարգմանը:

«Այս գաղափարը մեզ մոտ հայտնվեց 5-6 տարի առաջ, երբ վերականգնեցին Ռաբաթը: Մենք կարծում ենք, որ դա կգրավի զբոսաշրջիկներին: Ախալքալաքի բերդի տարածքը մեծ է, կա նաև զարգացման հնարավորություն: Սակայն մենք դեռ չենք գտել այն օղակը կառավարությունում, ում կարելի է դիմել կոնկրետ այս առաջարկությունով», - ասում է Նաիրի Իրիցյանը: