Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց 2018թ.-ի սեպտեմբերի 29-ին և 30-ին Երևանի օրը նշելու և Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումների վերաբերյալ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ սովորաբար, համապատասխան որոշման համաձայն` Երևանի օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, սակայն 2018թ.-ի նոյեմբերին կայանալու է Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովը, որի նախապատրաստման և անցկացման համար մշակվում է միջոցառումների մանրամասն ծրագիր: Այս տարի մեծ շուքով նշվելու է Երևանի հիմնադրման հոբելյանական 2800-ամյակը, որին կմասնակցեն բազմաթիվ հյուրեր այլ երկրներից, այդ թվում՝ Երևանի քույր քաղաքներից, Սփյուռքից՝ առաջարկվում է Երևանի օրվան նվիրված միջոցառումներն իրականացնել երկու օր, այսինքն ոչ թե հոկտեմբերի 13-ին, այլ սեպտեմբերի 29-ին և 30-ին: