2018թ․-ի հունվար ամսից Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է կարմրուկի 13 բերովի դեպք: Առաջին դեպքերը ամենայն հավանականությամբ բերվել են Ռուսաստանի Դաշնությունից: Հիվանդներից 11-ը պատվաստված չեն, իսկ 2-ը` թերի պատվաստված: Նրանցից 7-ը 1-15 տարեկան երեխաներ են, 2-ը՝ 20-26 տարեկան, 4-ը՝ 40-44 տարեկան անձինք:

Եվրոպայում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի վատթարացում։ 2016թ․-ի համեմատությամբ` 2017թ․-ին եվրոպական երկրներում կարմրուկով հիվանդացության ցուցանիշն աճել է 3 անգամ։ Համաճարակային իրավիճակն առավել ծանր է Ռումինիայում, Իտալիայում, Հունաստանում, Գերմանիայում, Ուկրաինայում, Վրաստանում և Ռուսաստանում։

ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է բոլոր չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց դիմել տարածքային պոլիկլինիկա և պատվաստվել կարմրուկի դեմ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հիվանդները հիվանդության վարակիչ փուլում (մոտ 10 օր՝ ցանի առաջացումից 4-5 օր առաջ և հետո) շփվել են բազմաթիվ քաղաքացիների հետ: Կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք (առնվազն 2 դեղաչափ) իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և վերջինիս հետևանքով առաջացած բարդությունները: