Վանաձորում կարկտապաշտպան ցանցերի գործարան է կառուցվում: Այս մասին նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ Լոռու մարզ կատարած այցելության ժամանակ: Նախարարին ուղեկցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվական տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը և պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հայտնում է news.am-ը։

Նախարարը եղել է «Երևանի սննդի կոմբինատ» ՍՊԸ-ի մասնաճյուղում, այնուհետև ուղևորվել է Լոռու մարզպետարան, որտեղ անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են համայնքների ղեկավարներ, անասնաբուժական ծառայության ներկայացուցիչներ և այլ պատասխանատուներ:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նախարարության կողմից իրականացվող պետական օժանդակության ծրագրերին: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի խոսքով` գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը կազմակերպված են պատշաճ մակարդակով: Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը զեկուցել է մարզում ընթացող գյուղատնտեսական աշխատանքների մասին` ընդգծելով, որ այս տարի ակնկալվում է ցանքատարածությունների 10,6 տոկոս աճ: Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվական տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը հավելել է, որ գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում 2017թ․-ին մարզի ֆերմերների համար կազմակերպվել է 21 դասընթաց, որոնց արդյունքում 60 տնտեսության տրամադրվել է մոտ 207 մլն դրամի վարկ:

Խորհրդակցությունից հետո նախարար Առաքելյանը Վանաձորի քաղաքապետարանում մասնակցել է «CARMAC Group» իտալական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որը «Վաբա» ՍՊԸ-ի հետ համատեղ շուտով Հայաստանում կհիմնի կարկտապաշտպան ցանցերի գործարան: «Վաբա» ՍՊԸ-ի փոխտնօրեն Արմեն Ղարաչյանը նշել է, որ կարկտապաշտպան ցանցերի արտադրությունն ընթանալու է փուլային տարբերակով, բոլոր սարքավորումները և հումքի մի մասը ներկրվելու է Իտալիայից: