Արարատյան Հայրապետական թեմում Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվների, համայնքների ու երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ Ս. Հարության տոնին, եկեղեցական արարողություններից բացի, մի շարք համայնքներում կկազմակերպվեն հոգևոր-մշակութային միջոցառումներ:

Ներկայացնենք սպասվող միջոցառումների ժամանակացույցը:․

Մարտի 31, Ավագ շաբաթ

Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում ժամը 18։00-ին Առաջնորդանիստ Ճրագալույցի Ս. Պատարագը կմատուցվի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:

Ժամը 20։00-ին եկեղեցուց կմեկնարկի «Հարության ավետիս» խորագրով կանթեղներով երթը: Երթի մասնակիցները եկեղեցուց Մ. Մաշտոցի պողոտայով ու Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ:

Մասիսի Ս. Գևորգ եկեղեցու երիտասարդները մոմերով և հավկիթներով կշրջեն տնետուն:

Ապրիլի 1, Սուրբ Հարության տոն

Երևանի Ս. Երրորդություն եկեղեցում ժամը 13։30-ին, Ս. Պատարագից հետո բակում երիտասարդաց միության անդամների նախաձեռնությամբ տեղի կունենա տոնական համերգ և ազգային պարերի ուսուցանում:

Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցում Ս. Պատարագից հետո տեղի կունենա տոնական համերգ Նորագավիթի Մշակույթի տան սաների մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում կկազմակերպվի նաև երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որից ստացված գումարը կտրամադրվի բարեգործության:

Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցում Ս. Պատարագից հետո կկազմակերպվի տոնական համերգ՝ եկեղեցուն կից գործող կենտրոնի սաների մասնակցությամբ:

Նոր Նորքի Ս. Սարգիս և Ս. Աստվածածին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցիներում Ս. Պատարագից հետո կկազմակերպվի տոնական համերգային ծրագիր և ձեռքի աշխատանքների թեմատիկ ցուցահանդես:

Կաթողիկե Ս. Աստվածածին և Ս. Աննա եկեղեցիներում Ս. Պատարագից հետո բակում տեղի կունենա տոնական համերգ: Ելույթ կունենան եկեղեցու «Գանձեր» երգչախումբը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Հայորդաց տան սաները:

Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցում Ս. Պատարագից հետո բակում կկազմակերպվի զատկական հյուրասիրություն:

Ավանի Ս. Աստվածածին եկեղեցում Ս. Պատարագից հետո կկազմակերպվի տոնական համերգ՝ Ավանի մշակույթի տան, դպրոցների, ազգագրական երգի-պարի խմբերի մասնակցությամբ: Համերգային ծրագրից հետո կլինի նաև հյուրասիրություն:

Արաբկիր համայնքի նորակառույց եկեղեցում Ս. Պատարագից հետո բակում կկազմակերպվի տոնական միջոցառում Արաբկիր վարչական շրջանի մշակույթի տան և Հայորդաց տան սաների մասնակցությամբ:

Արարատի Ս. Հակոբ եկեղեցում Ս. Պատարագից հետո բակում տեղի կունենա համերգ՝ Արարատի Մշակույթի տան սաների մասնակցությամբ, որից հետո կլինի նաև մատաղի հյուրասիրություն:

Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցում Ս. Պատարագից հետո բակում Կիրակնօրյա դպրոցի սաները կներկայացնեն Զատկի խորհուրդը, կկազմակերպվի ցուցահանդես-վաճառք, որից հավաքված գումարը կօգտագործվի երիցատան կառուցման աշխատանքների համար: Եկեղեցու այցելուներին կմատուցվի մատաղ և կարմրաներկ հավկիթներ:

Արևշատի Ս. Աստվածածին, Ներքին Դվինի Ս. Հարություն, Մասիսի Ս. Թադեոս և Նորաբացի Ս. Աստվածածին եկեղեցիներում Ս. Պատարագից հետո բակում տեղի կունենա համերգ:

Ապրիլի 2-ին բոլոր եկեղեցիներում կմատուցվի մեռելոց Ս. Պատարագ: