Կայացել է ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստ, որի ընթացքում քննարկվել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և շրջակա միջավարի վրա ազդեցության գնահատում անցած ծրագրին վերաբերող հարցեր։

«Հանքարդյունաբերական նախագիծը թերի է և պետք է ուժը կորցրած ճանաչել»,- այս մասին նշել է «Հայաստանի կանաչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Սանասարյանը՝ նիստի ժամանակ։ Փոխանցում է Պանորամա-ն։

Բանախոսը մտահոգություն է հայտնել, որ հանքի շահագործումն իրականացվում է Արփա, Որոտան և վերջինիս վտակ Դարբ գետերի ջրբաժանում, ինչը կարող է էական ազդեցություն ունենալ տարածաշրջանի ջրային ռեսուրսների և վերջին հաշվով նաև Սևանա լճի որակի վրա։ Սանասարյանը ներկայացրել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրում նկարագրված բնապահպանական ռիսկերը, կենդանական և բուսական աշխարհին հասցվելիք վնասները և մտահոգություն հայտնել, որ դրանց կանխարգելման, շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու տեխնիկական նախագծերն անբավարար են։

Հանդիպմանը ներկա բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խորհրդի անդամներին հիշեցնելով, որ բնապահպանական գերատեսչությունը նորմատիվ որոշումների կայացման և վարչարարության մարմին է և գործում է բացառապես օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում և մեջբերել է օրենքի այն դրույթները, որոնց առկայության դեպքում հնարավոր է ուժը կորցրած ճանաչել փորձաքննական եզրակացությունը։ Նախարարը փաստել է, որ հիշատակված հիմքերից որևէ մեկն այս պահի դրությամբ առկա չէ, իսկ փորձաքննության գործընթացն իրականացվել է օրենքի շրջանակներում։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն արձանագրել է, որ հանքի շահագործումը մեկնարկել է և առաջարկել իրականացնել հասարակական մշտադիտարկում՝ նախագծից շեղումները բացառելու նպատակով։

«Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Արմեն Ստեփանյանը հրավիրել է մասնակցային մոնիթորինգի, որը հանքավայրում արդեն իրականացվում է հարակից համայնքների բնակիչների մասնակցությամբ՝ նկատելով, որ մոնիթորինգի գործընթացը նկարագրված է բնապահպանական փորձաքննական դրական եզրակացություն ստացած ծրագրում։

Անդրադառնալով հասարակությանը հուզող ցիանիդի խնդրին՝ ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի մասնագետ Արթուր Մինասյանը տեղեկացրել է, որ անհրաժեշտ չափանիշներին բավարարելուց հետո «Լիդիան Արմենիա» ընկերությունն անդամակցել է Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքին և պարտավորվել է պահպանել դրա պահանջները։ Արթուր Մինասյանը հայտարարել է, որ փորձաքննության գործընթացներում օրենքով սահմանված 4 հանրային քննարկում է տեղի ունեցել, որոնց մասնակցել և առաջարկություն է ներկայացրել միայն մեկ՝ Civil Voices հասարակական կազմակերպությունը։