Ռուսաստանն արտաքսում է մի շարք երկրների դիվանագետներին՝ ի պատասխան «Սկրիպալի գործով» ռուս դիվանագետների արտաքսման։ Ռուսաստանը կլքեն 4 լեհ, 3 լիտվացի, 1 լատվիացի, 2 իտալացի դիվանագետ, Նիդեռլանդների դիվանագիտական ներկայացուցչության 2 աշխատակից և էստոնացի ռազմական կցորդ Տոոմաս Պեդան։ Նրանք բոլորը պետք է լքեն երկիրը մինչև ապրիլի 7-ը։

ՌԴ ԱԳՆ-ն Լոնդոնից պահանջել է նաև հավասարեցնել Ռուսաստանում իր դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների ընդհանուր թիվը Մեծ Բրիտանիայում ռուսական դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների թվին, դրա համար Լոնդոնին հատկացվել է 1 ամիս։

Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։

Մեծ Բրիտանիան դրանում մեղադրելով Մոսկվային, երկրից արտաքսել էր 23 ռուս դիվանագետի: Մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Սոլսբերի քաղաքում ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորմանը Ռուսաստանի ներգրավվածության առնչությամբ ադեկվատ և խելամիտ ապացույցներ Մոսկվային չեն ներկայացվել: