Դաղստանում անցկացված խոհարարական փառատոնից հայ խոհարարները վերադարձել են մեդալներով: Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը, ինչպես նաև փառատոնին մասնակցած՝ Հայաստանի շեֆ խոհարարների ասոցիացիայի նախագահ Գրիգոր Անտինյանը, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ-ի անդամներ Յուրի Սարգսյանը և Էմիլ Դավթյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են միջազգային փառատոնի մասին: Փոխանցում է 168.am-ը։

Սեդրակ Մամուլյանի խոսքով՝ փառատոնին հայ մասնակիցների ներկայությունը հնարավոր դարձավ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ-ի ավագ խոհարների կորդինատոր Գրիգոր Անտինյանի սկբունքային որոշման արդյունքում. «Իրականում մեր ծավալած մյուս գործողությունների հետ միասին, մենք բազմիցս նշել ենք նաև, որ հայկական խոհանոցն արտերկրում ներկայացնելու մեծ խնդիր կա, որը, հաշվի առնելով մեր ունեցած հնարավորությունները, փորձում ենք ի կատար ածել:

Այնուամենայնիվ մենք պետք է աշխատենք՝ շատ ավելի դրսում ներկայանալի դառնանք, և շատ ուրախ եմ, որ հերթական այդօրինակ մասնակցությունն այս անգամ ամրագրվեց ոչ միայն՝ որպես հայաստանյան կողմի մասնակցություն, այլ նաև՝ նշանավորվեց հաղթանակներով՝ փառատոնի բոլոր անվանակարգերում նվաճելով մեդալներ: Անցել են այն ժամանակները, երբ մենք կարծում էինք, որ մասնակցությունն արդեն հաղթանակ է: Մենք մասնակցում ենք, աշխարհին ցույց ենք տալիս մեր խոհանոցի յուրահատկությունը և վերադառնում ենք հաղթանակներով»:

Հայկական կողմը փառատոնի մասնակցության ընթացքում գրանցեց հրաշալի արդյունքներ՝ նվաճելով միանգամից 5 մեդալ: