«Խաղողագործությունը և գինեգործությունը մեր երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից են, և ՀՀ կառավարության համար չափազանց կարևոր է այս ոլորտի արդյունավետ և նպատակային կառավարման ապահովումը: Այս տեսանկյունից մենք բարձր ենք գնահատում CBI-ի աջակցությունը՝ ուղղված ոլորտի մարկետինգային ռազմավարության արդյունավետ մշակմանը», - այս մասին նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը՝ «Գինեգործության ոլորտի մարկետինգային ռազմավարությունը 2018-2023 թթ. Համար» փաստաթղթի վավերացմանը նվիրված մարտի 27-ից 28-ը Երևանում աշխատաժողովի ժամանակ։ Փոխանցում է panorama-ն։

ԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ աշխատաժողովը կազմակերպվել էր Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից՝ Նիդերլանդների կառավարության Զարգացող երկրներից արտահանման խթանման կազմակերպության (CBI) աջակցությամբ: Փաստաթուղթը վավերացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և CBI-ի կողմից: Այն մշակվել է հայկական գինեգործական ընկերությունների և CBI-ի կողմից՝ հիմնադրամի աջակցությամբ:

CBI ծրագրի ղեկավար Ռեյնոլդ Նույժտենը բարձր է գնահատել կազմակերպության համագործակցությունը հիմնադրամի հետ փաստաթղթի ստեղծման և գինեգործական ընկերությունների կարողությունների կատարելագործման ուղղությամբ իրականացված մի շարք ծրագրերի ընթացքում: